Աշխարհի առաջին հակառասիստական ամսագիրը` Ֆրանսիական «Le Droit de Vivre»-ն, 2015թ. հունվարի իր համարում ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանին եւ Հայոց ցեղասպանությանը:

Համարում համառոտ կերպով անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության ժամանակագրությանը եւ հետագայում Ցեղասպանությանը վերաբերող հիշարժան իրադարձությունների տարեթվերին: Ներկայացվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարը եւ այդ ճանապարհին Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականությունը: Հարցազրույցներ են ներկայացվում հայտնի ցեղասպանագետների եւ միջազգային փորձագետների հետ:

Անդրադարձ է կատարվում Ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ հայերի ժառանգների կյանքի պատմությանը, որոնց մի զգալի մասն էլ ժամանակին հաստատվել է Ֆրանսիայում: Այդ համատեքստում նյութի հեղինակները ներկայացնում են Ֆրանսիայի հայ համայնքի առօրյան ու վերջինիս համախմբվածությունը` Ցեղասպանության ճանաչման համար պայքարի գործում:

Խոսվում է նաեւ 2014թ. սեպտեմբերի 22-ին ահաբեկիչների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ եղեռնի նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման եւ այդ հարցի շուրջ միջազգային քննադատական արձագանքի մասին:

Հայաստանին նվիրված հատվածում ներկայացվում է նաեւ տարբեր ժամանակներում` սկսած 20-րդ դարի առաջին կեսից մինչեւ մեր օրերը, նկարահանված, Հայոց ցեղասպանությանը նվիրված տարբեր ֆիլմերի պատմությունը: