Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանում ՌԴ-ի դեսպանատան կողմից առավել վաղ հնչեցրած հայտարարությանը հակասող հայտարարությամբ է հանդես եկել:

Այսպես, հունվարի 21-ին կայացած 2014թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողի կողմից հարց է հնչեցվել, թե ինչու Ռուսաստանը չի հետաքրքրվում իր քաղաքացու՝ Դիլհամ Ասկերովի ճակատագրով՝ այդ առիթով ոչ մի հայտարարություն չտալով:

Ի պատասխան՝ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «նա ձերբակալվել է հայկական կողմից, ուստի այդ հարցը մենք կքննարկենք հայկական կողմի հետ»:

Մասնավորից անցնելով ընդհանուրին՝ ՌԴ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի մեծ թվով քաղաքացիներ են ձերբակալված աշխարհի տարբեր երկրներում: Նրա խոսքով՝ ՌԴ-ի իշխանությունները մշտապես հետաքրքրվում են նրանց ճակատագրով, պահելու պայմաններով, ձերբակալող կողմի ծրագրերով: «Ելենլով ստացված տեղեկություններից՝ մենք որոշումներն ընդունում ենք կոնկրետ պետության եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների շրջանակներում», - հստակեցրել է նախարարը:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, Ադրբեջանում Ռոսւաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինի՝ Միլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովային ուղղված  նամակում հայտարարվել էր, որ հայերի կողմից գերեվարված ադրբեջանցիների շարքերում ՌԴ-ի քաղաքացիներ չկան:

Բացի այդ, անհասկանալի է՝ այդ ո՞ւմ հետ է քննարկումներ վարելու Լավրովը. Ասկերովը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության տակ:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։