Հայաստանում շաքարի հումքի ներկրումը կազատվի մաքսատուրքից: Այս մասին որոշում է կայացվել Գործադիրի հունվարի 22-ի նիստում: Նկատենք, որ նման արտոնությունը նախատեսված է 2014թ. հոկտեմբերի 10-ի՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու մասին պայմանագրով:

Ըստ պայմանագրի՝ շաքարի հումքը մաքսատուրքից ազատվում է պայմանով, որ կվերամշակվի Հայաստանում, այլ չի արտահանվի ԵՏՄ այլ երկրներ: Ըստ պայմանագրի՝ Հայաստանի լիազոր մարմինը (այս դեպքում՝ էկոնոմիկայի նախարարությունը) պետք է հաստատի ներկրվող հումքի նպատակային նշանակությունը: Արտոնյալ ռեժիմը կգործի մինչեւ 2025թ.:

Նկատենք, որ 2010թ.-ից հայտնի օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ներկրվող հումքից շաքարի արտադրություն է իրականացնում: 2011թ.-ից լայն սպառման համար շաքարի ներկրումը կտրուկ նվազեց: 2012 – 13թթ.  Հայաստանում ներկրվող հումքից արտադրվող շաքարի ծավալը տարեկան մոտ 70 հազար տոննայի էր հասնում:

Արտոնությունը էական նշանակություն կունենա, քանի որ ԵՏՄ միացյալ մաքսատուրքը շաքարի հումքի համար  140 - 250 դոլար է տոննայի դիմաց եւ տատանվում է՝ կախված տարեշրջանից եւ Նյու Յորքի ապրանքային բորսայում դրա գներից: Արտոնությունը թույլ կտա խուսափել հանրապետությունում շաքարի թանկացումից, որի մասին հայտարարում էին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հակառակորդները: