Աշխատանքային այցի շրջանակներում Բելգիայում գտնվող Ճապոնիայի արտգործնախարար Ֆումի Կիսիդան Ուկրաինայի կազմից Ղրիմի անջատումը համեմատել է Կուրիլյան կղզիների նկատմամբ Տոկիոյի վերահսկողության կորուստի հետ: Ի պատասխան՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը Ճապոնիային մեղադրել է Երկրորդ աշխարհամարտի պատճառները եւ արդյունքները վերանայելու փորձի մեջ:

«Այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ուժի միջոցով ստատուս-քվոյի փոփոխություն է, հյուսիսային տարածքների խնդիրը նույնպես ուժի միջոցով իրավիճակի փոփոխություն էր», - հայտարարել է Կիսիդան՝ պատասխանելով բելգիացի ուսանողների հարցին:

Ճապոնիայի արտգործնախարարի խոսքերը Ռուսական ԱԳՆ-ում խառնաշփոթ է առաջացրել: «Այս առիթով կցանկանայինք հիշեցնել, որ հենց Ճապոնիան, ձգտելով հաստատել իր իշխանությունը աշխարհում,  նացիստական Գերմանիայի հետ ուժի միջոցով կոտրել եւ օկուպացրել է մի շարք պետությունների», - ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ: «Ըստ էության, նախարարը փորձում է բերանքսիվայր շրջել պատմությունը եւ վերանայման ենթարկել պատերազմի պատճառների եւ արդյունքների համընդհանուր ճանաչված ըմբռնումը»: 

Իր հերթին, Ճապոնիայի արտգործնախարարությունը հերքել է իր ղեկավարի հասցեին ուղղված քննադատությունը: «Հյուսիսային տարածքները Խորհրդային Միության կողմից օկուպացվել են 1945թ. Պոտսդամի հռչակագրից հետո: Սա փաստ է», - հայտարարել է ճապոնական արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի քարտուղարի ներկայացուցիչը: