Հայաստանի Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում այսօր՝ հունվարի 22-ին, հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի սպանության դեպքի առթիվ։

Ինչպես տեղեկանում ենք Կոմիտեի մամուլի ծառայությունից, հունվարի 21-ին ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ հրազենից կրակոց է արձակվել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանի ուղղությամբ, որի հետեւանքով վերջինս գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք եւ մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հունվարի 21-ի երեկոյան հակառակորդի կրակոցից զոհվել է Բերդի տարածաշրջանի բնակիչ, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը՝ ծնված 1980թ.: Զոհված զինծառայողը Չորաթան գյուղից էր, ամուսանացած էր եւ ուներ 3 երեխա: