Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե նախագահն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչումն ու դատապարտումը հայության առջեւ ծառացած քաղաքական, իրավական եւ բարոյական նշանակություն ունեցող կարեւորագույն խնդիրներից մեկն է:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ նշելով, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ անցկացնել ողջ տարվա ընթացքում:

Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: