Ռուսաստանի սենատորները ծաղիկներ են դրել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մոտ եւ գրառում կատարել ցավակցությունների մատյանում՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանության կապակցությամբ:

«Հայաստանի դեսպանատուն են գնացել Դաշնության խորհրդի եւ Հայաստանի խորհրդարանի միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը, միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Դաշնության խորհրդի անդամ Իգոր Չեռնիշենկոն:

Ըստ նրա՝ հանձնաժողովի անդամներն արդեն ցավակցել էին հայ ժողովրդին Գյումրիի ողբերգությունից հետո, սակայն քանի որ օրերս մահացավ ընտանիքի վերջին անդամը՝ Սերյոժա Ավետիսյանը, սենատորները անհրաժեշտ են համարել եւս մեկ անգամ դա անել:

Սենատորները նաեւ գրառում են կատարել ցավակցությունների մատյանում. «Մենք սգում ենք համայն հայ ժողովրդի հետ, դատապարտում այս սարսափելի, անմարդկային հանցագործությունը, որն արդարացում չունի: Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն: Սակայն ռուս-հայկական հարաբերությունները պետք է հարատեւեն դարեդար»:

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին, իսկ ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն հունվարի 19-ին փոքրիկը նույնպես մահացել էր:

Սպանության գործով մեղադրյալը ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է: Ռուսական կողմը քրգործ է հարուցել «դասալքություն» եւ «սպանություն» հոդվածներով: «Սպանության» գործ է հարուցվել նաեւ ՀՀ ՔԿ-ում: