Ռուսաստանի հայերի միությունը անհիմն է համարել Միության հասցեին ուղղված «Ռուսաստանի եւ ամբողջ աշխարհի հայերի անունից» նամակում հնչող մեղադրանքները, որը նաեւ Միության ղեկավարության հրաժարականի պահանջ է պարունակում։

«Ենթադրելով, որ ստորագրածների թվում են նաեւ մեր հայրենակիցները, որոնց կարծիքը մենք անխախտորեն հարգում ենք, Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը նպատակահարմար է համարում հետեւյալ բացատրություններ տալ.

1. Մենք խորապես ցավում ենք Գյումրիի ընտանիքի դաժան սպանության առիթով, եւ ընտանիքի 6 անդամների թաղման հաջորդ օրը՝ հունվարի 16-ին, հրապարակել ենք Միության հայտարարությունը։ Այն տեղակայված է Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքում. www.sarinfo.org եւ հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում։ Միությունը նաեւ այլ ակցիաներ է անցկացրել, այդ թվում՝ ծաղիկներ է դրել, հավաքել Միությանը կից «Շիրակ» համայնքի ներկայացուցիչներին եւ այլ կազմակերպություններից մեր ընկերներին, ռուսական լրատվամիջոցներին հայտարարություններ տվել Միության ներկայացուցիչների բացատրություններով եւ այլն։ 

Նամակի անանուն հեղինակներին եւ այլ գործիչներին կոչ ենք անում զերծ մնալ էժան հեղինակություն ձեռք բերելու փորձերից՝ օգտվելով Գյումրիի ողբերգությունից։

2. Հաղորդում ենք բոլոր նրանց, ովքեր իրապես հետաքրքրվում են մեր միության գործունեությամբ, այլ ոչ թե զբաղված են անանուն գրություններ հրապարակելով, որ Ռուսաստանի հայերի միության կայքն ամեն օր թարմացվում է Միության անցկացրած բոլոր միջոցառումների մասին տեքստային, ֆոտո- եւ վիդեո- տեղեկություններով ՝ մշակութային-լուսավորչականից եւ բարեգործությունից մինչեւ հասարակական-քաղաքական։  Այնտեղ կարելի է գտնել մեր լրատվական արխիվները՝ սկսած 2006թ.-ից։

3. Եւ վերջապես, մենք ստիպված ենք հիասթափեցնել նամակի անանուն հեղինակներին. Ռուսաստանի հայերի միությունը համառուսական հասարակական կազմակերպություն է եւ ըստ կանոնակարգի՝ ղեկավար կազմն ընտրվում է Միության անդամների կողմից, որոնք ներկայացնում են Ռուսաստանի Դաշնության գործնականում բոլոր սուբյեկտներում գործող տարածաշրջանային բաժանմունքները։

Հիշեցնենք, որ օրերս համացանցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ու նրա տեղակալ Լեւոն Մուկանյանի դեմ ստորագրահավաքի  է  իրականացվում։ Նամակի հեղինակներ Միության ղեկավարությանը մեղադրել են անգործության մեջ, մասնավորապես, ռուս զինվորի կողմից Գյումրիի հայ ընտանիքի սպանության հարցով։