Ուկրաինան միջազգային գործընկերների կողմից ավելի խոշոր ֆինանսական աջակցության կարիք ունի եւ այդ աջակցությունը պետք է տրամադրվի արագ, այլապես հետեւանքները կարող են խիստ բացասական լինել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Արեւմուտքի համար, կարծում է Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Դավոսի տնտեսական ֆորումի օրերին Պինչուկի հիմնադրամի կազմակերպած Ուկրաինական նախաճաշի ընթացքում ելույթ ունենալով՝ նա նշել է, որ կարող է կոլապս տեղի ունենալ, եթե օգնությունն արագ չհատկացվի:

Ըստ Բարոզուի՝  արագ օգնության բացակայությունը կարող է լրջորեն վատթարացնել ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանի մյուս երկրներում կայունության վիճակը: Այն երկրների, ինչպիսիք են Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, ինչպես նաեւ Միջին Ասիայի երկրները, հայտնում է  «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Միեւնույն ժամանակ նա նշել է Ռուսաստանի հետ քաղաքական համաձայնության համար բաց դռների պահպանման կարեւորությունը, սակայն Ուկրաինայի ինքնիշխանությունը հարգելու պայմանով:

Միջազգային հանրության կողմից Ուկրաինային հրատապ ֆինանսական օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին Ուկրաինական նախաճաշին հայտարարել է նաեւ հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը: Ըստ նրա՝ հաջորդ մի քանի շաբաթը կրիտիկական են այս առումով: