Հունվարի 22-ին Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին ընդունեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու բարեկամ երկրների միջեւ առկա երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության խորացման հեռանկարներին առնչվող հարցեր, ընդգծեցին բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման կարեւորությունը:

Նաբիհ Բըրրիի խնդրանքով Աշոտ Քոչարյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը:

Անդրադարձ եղավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ինչպես նաեւ Լիբանանի ներքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին: