Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական եւ Դեմոկրատական կուսակցությունները պայմանավորվել են «Հանուն եվրոպական Մոլդովայի» կոալիցիա ձեւավորելու մասին: Այս մասին հունվարի 23-ին հայտարարել է լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադ Ֆիլատը: Դաշինքը խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Անդրիան Կանդուին:
Մոլդովայում 2014թ. նոյեմբերի 30-ին խորհրդարանի 101-րդ ընտրություններն էին անցկացվել: Քվեարկության արդյունքներով, հաղթանակել է Սոցիալիստների կուսակցությունը՝ ստանալով 25 մանդատ: Դրան հետեւում են Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատկան կուսացությունը՝ 23 մանդատով, Կոմունիստական կուսակցությունը՝ 21 մանդատով, Դեմոկրատական կուսակցությունը՝ 19 մանդատով, Լիբերալ կուսակցությունը 13 մանդատով:
Ընտրություններից անմիջապես հետո եվրոպամետ կուսակցությունները ներկայացնող քաղաքական գործիչները բանակցություններ սկսեցին իշխող կոալիցիա ստեղծելու շուրջ, որոնք փակուղի մտան այն պատճառով, որ կողմերը չկարողացան համաձայնության գալ պետական առանցքային պաշտոնների բաշխման շուրջ:
Հունվարի 23-ին Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական եւ Դեմոկրատական կուսակցությունների առաջնորդներ Վլադ Ֆիլատն եւ Մարիան Լուպուն հայտարարել են, որ կոալիցիան են կազմում առանց Միխայ Գիմպուի Լիբերալ կուսակցության, որին նրանք մեղադրում են խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու շուրջ բանակցություններն արգելափակելու մեջ:




























