Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույն ընտրողներին կոչ է արել ընտրություն կատարել Եվրոպայի օգտին:

Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի հետ հանդիպունից հետո Ֆլորենցիայում կայացած մամուլի ասուլիսում կանցլերը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի Հունաստանը, «չնայած բոլոր դժվարություններին, եվրոպական պատմության մաս մնա»:

Ըստ BBC News-ի, Հունաստանում խորհրդարանական ընտրությունները նախանշված են 2015 թվականի հունվարի 25-ին: Հարցումների համաձայն, առայժմ առաջատարը գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ Ալեքսիս Ցիպրասի Ռադիկալ ձախ ուժերի կոալիցիան (ՍԻՐԻԶԱ): Այն դեմ է հանդես գալիս տնտեսական կոշտ միջոցներին, որոնք ներկա կառավարությունը կիրառում է՝ միջազգային վարկատուների պահանջներին համաձայն:

Եվրոպացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ձախերի հաղթանակի դեպքում Աթենքը կարող է դեֆոլտ հայտարարել եւ դուրս գալ եվրոգոտուց: