Եվրասիական տնտեսական միությունում հաշիվ-ապրանքագրով մաքսազերծման մեխանիզմը չի փոփոխվի: Այս մասին հունվարի 23-ին հայտարարեց Հայաստանի Ֆինանսների նախարարության մաքսային վերահսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանը՝ Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) կազմակերպած «Եվրասիական միություն. հնարավորություններ եւ խնդիրներ» քննարկման ժամանակ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
Հաշիվ-ապրանքագրի գնի համաձայն մաքսազերծման մեխանիզմը փոփոխությունների չի ենթարկվի նաեւ Մաքսային միասնական օրենսգրքի պայմաններում: Սաղոյանի խոսքով, Ռուսաստանում այն կիրառվում է նույն սկզբունքով, քանի որ պայմանավորված է ԱՀԿ-ի կանոններով: Հնարավորությունը տարածվում է նաեւ տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ապրանքների վրա:
ԵՏՄ երկրներում շատ չի տարբերվում նաեւ վերահսկիչ գների հաշվարկման մեթոդիկան, որոնցից մաքսավճարը հաշվարկվում է այն դեպքում, եթե ապրանքն ուղեկցող փաստաթղթերը մաքսավորները ոչ լիարժեք ապացուցողական կհամարեն: «Օրինակ՝ մեզ մոտ գները թարմացվում են յուրաքանչյուր 90 օրը մեկ, որպեսզի հասցնեն համապատասխանել արագորեն փոփոխվող շուկայի գներին»,- հավելեց Սաղոյանը:
Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ից:




























