Եվրասիական տնտեսական միության երկրներից Հայաստան ներկրման համար ԱԱՀ-ի վճարման հարցը լուծված չէ: Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE)՝ հունվարի 23-ին կազմակերպած «Եվրասիական միություն. հնարավորություններ եւ խնդիրներ» քննարկման ժամանակ հայտարարեց «Վեբ» ինտերնետ-պրովայդերի գլխավոր տնօրեն Կոլյա Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ եթե երրորդ երկրներից ներմուծման ժամանակ հարցեր չեն ծագում, ապա անհասկանալի է, թե ինչ պետք է անել, եթե ԱԱՀ-ն նախ վերցնում են Եվրասիական միության մի պետությունում, հետո՝ մյուսում:

«Օրինակ՝ մենք Ռուսաստանից ապրանք ենք ներմուծում, որի գնի մեջ արդեն 18%-անոց ԱԱՀ կա: Ըստ էության, մենք պետք է վճարենք միայն ռուսական եւ հայկական ԱԱՀ-ների միջեւ տարբերությունը (2%), իսկ հետո հայկական հարկային ծառայությունները պետք է ռուսական կողմից ստանան ԱԱՀ-ի մնացած մասը: Բայց քանի որ Ռուսաստանում էլեկտրոնային հարկային հայտարարագրման համակարգն այդքան էլ զարգացած չէ, որքան Հայաստանում, ապա մեզ հարկադրում են վճարել ամբողջական 20%-ը, որպեսզի իրենց ազատեն ռուսաստանցի գործընկերների հետ ավելորդ անհարմարությունից»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Նա նաեւ հավելեց, որ խնդիրը ստիպված է լինում լուծել բիզնեսը. կա՛մ ռուսական մատակարարների մոտ ապրանքի գինն իջեցնել ԱԱՀ-ի չափով, կա՛մ այն կրկին վճարել Հայաստանում, չնայած հարկն արդեն վճարվել է Ռուսաստանում: Իսկ կրկնակի հարկումը, Հովհաննիսյանի խոսքով, չի կարող չթանկացնել ապրանքի գինը: