Արցախում գործող «Շարժում 88» կուսակցությունը խստորեն դատապարտում է հունվարի 31-ին ԼՂՀ եւ ՀՀ սահմանին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունները, ազատ կամարտահայտման եւ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումները։
«Շարժում 88» շարժման տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.
«Կատարվածի եւ դրան հաջորդած զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա։
Մենք կոչ ենք անում իշխանություններին զերծ մնալ մարդու իրավունքների ոտնահարմանն ուղղված քայլերից եւ հետամուտ լինել դեպքի մեղավորներին անհապաղ հայտնաբերելու եւ խստագույնս պատժելու մեջ, այլապես այս ամենը կարող է անդառնալի եւ անկանխատեսելի հետեւանքներ ունենալ։
Առողջություն եւ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին՝ մենք կատարվածի համար ներողություն ենք խնդրում մեր հայրենակիցներից»:
Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» փոխանցմամբ՝ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: Ըստ այդմ, վիրավորվել է «Նոյան Տապան»-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ հարձակումից հետո հիվանդանոց են տեղափոխվել մի քանի անձ: Ծեծի ենթարկվածներից 2-ի՝ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանի եւ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը ծանր է:
ԼՂՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե «ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում»։
«Հիմնադիր խորհրդարանը» Արցախ էր մեկնել՝ ավտոերթ իրականացնելու եւ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկելու:




























