Նոյեմբերի 5-ի գործով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում րոպեներ անց կհրապարակվի Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով վճիռը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստերի դահլիճը լեփ լեցուն է: Դատարանում են ոչ միայն ամբաստանյալների հարազատներն ու ընկերները, այլեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Շանթ Հարությունյանը թե հերոս է, թե քաղաքացի, որն ուզում է ազատ, անկախ տեսնել իր երկիրը: Ով իրեն նստեցրել է, ով իրեն դատում է, պետք է պատասխան տա: Դատողը պիտի դատվի, Շանթ Հարութունյանը կգտնի իր ազատությունը, մեր անկախությունը մեր ինքնիշխանությունը»,- NEWS.am-ին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանը ինչ որոշում էլ, որ կայացնի այն «հանուն Հայաստանի Հանրապետության չի լինի»

Նշենք, որ 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալներին դատապարտեց 1-7 տարվա ազատազրկման, Միսակ Առաքելյանի նկատմամբ տուգանք նշանակեց:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին մեղավոր  ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։