Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ փետրվարի 2-ին, բավարարեց դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը եւ ՀՔԾ-ին պարտավորեցրեց 15 օրվա ընթացքում պատասխանել հանցագործության մասին փաստաբանի ներկայացրած հաղորդմանը ՀՔԾ:

Նշենք, որ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել էր ՀՔԾ՝ դերասանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի կողմից փաստաթղթերի կեղծման եւ անգործության փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով: ՀՔԾ-ից փաստաբանի դիմումին չէին արձագանքել, ինչից հետո Նիկոլայ Բաղդասարյանը դիմել էր դատարան՝ ՀՔԾ-ի դեմ  բողոք ներկայացնելով իր դիմումն անպատասխան թողնելու համար:

 «Մենք ուղղակի համոզված ենք, որ եթե քննչական մարմինները ստուգեն մեր ներկայացրած ապացույցը,ապա բավականին լուրջ ապօրինություններ կհայտնաբերեն, ավելին՝ կներկայացնենք նոր վկաներ, որոնք իրազեկված են, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարը, որի համար նա դատապարտվեց, տեղի է ունեցել բանուկ մասում, այլ ոչ թե կողնակում»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին ՀՔԾ-ից որեւէ ներկայացուցիչ չէր եկել, փոխարենը գրությամբ դատարանին տեղեկացրել էին, որ դատարանն՝ առանց իր ներկայացուցչի անցկացնի  դատական նիստը: Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն, միջնորդեց, որպեսզի ՀՔԾ ներկայացուցիչը դատարանում լինի եւ նյութեր ներկայացնի, թե ինչու չի արձագանքել իր հաղորդմանը: Դատավորը մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ քրեական դատավարության օրենսգրքով ՀՔԾ ներկայացուցիչը կարող է նաեւ չներկայանալ դատական նիստին: Այնուամենայնիվ, Նիկոլայ Բաղդասարյանը պնդեց իր միջնորդությունը՝ ասելով, որ քննիչը ոչ միայն իրեն, այլ դատարանին նույնպես պետք է պատասխան տա, թե ինչու է անգործություն դրսեւորել այս գործի վերաբերյալ:

Փաստաբանը դատարանում ընթերցեց ՀՔԾ ներկայացրած իր հաղորդումը՝ նշելով, որ քննիչը բազմաթիվ խախտումներ է թույլ տվել, եւ դրանց ապացուցվելու դեպքում կապապցուցվի նաեւ Վարդան Պետրոսյանի անմեղությունը:

Դատավորը հրապարակեց ՀՔԾ-ից ստացած մեկ այլ գրություն եւս, որում քննիչը նշել էր, որ հանցակազմի բացակայության պատճառով է, որ փաստաբանի հաղորդման վրա քրեական գործ չի հարուցվել: Փաստաբանը վրդովված հայտարարեց, որ ՀՔԾ-ի նման պատճառաբանությունը առաջին անգամ է լսում, քննիչները պարտավոր էին իրեն այն ժամանակ պատասխանել:

Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 29-ին դերասան Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով եւ դատապարտել 5 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմանում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել էր «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել էին, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել էին  վնասվածքներ: