Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում հոկտեմբերի 25-ին մահացած 28-ամյա Անի Դավթյանի գործով նշանակվել է համալիր փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ դատաբժշկական փորձաքննության պատասխանը կա արդեն, սակայն կհրապարակվի համալիր փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո միայն:

Նշենք, որ համալիր փորձաքննությամբ հայտնի կդառնա, թե արդյոք 28-ամյա հղիի մահվան մեջ բժշկական սխալ կա, թե ոչ: Ի դեպ, Անիի հարազատները բժիշկներին են մեղադրում:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության՝ Անի Դավթյանը հիվանդանոց է տեղափոխվել 2014թ.-ի հոկտեմբերի 24-ին ժամը 14:00-ի սահմաններում, պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ, մահացել հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 22:05-ի սահմաններում։

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: