Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է մասնակցել Երեւանում ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Նրա խոսքով՝ 2015 թվականի օրակարգում երեք կարեւոր հարցեր կան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից, Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողով եւ Երեւանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում:

«Գագաթաժողովի ընթացքում կփորձենք կոնկրետացնել Հայաստանի-ԵՄ հարաբերությունների զարգացման առաջնահերթ ուղղությունները»,-ասել է դեսպանը:

Դեսպանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի վերջին: Դա նման մակարդակի հանդիպում ընդունելու առաջին հնարավորությունը կլինի Հայաստանի համար, որպես կազմակերպության լիիրավ անդամ:

Անդրադառնալով այն փաստին, որ Թուրքիայի նախագահը որոշել է ապրիլի 24-ին նշել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը, դեսպանը նշել է, որ Փարիզում ուշադիր հետեւում են իրադարձություններին: Միաժամանակ, նա հրաժարվել է գնահատական տալ Անկարայի գործողություններին: «Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան է եւ իրավունք ունի տոնակատարության կամ հիշատակի ամսաթիվ ընտրել: Յուրաքանչյուրն ընտրում է ում հրավիրել: Կարող եմ միայն ասել, որ Ֆրանսիայի մասով հարցը պարզ է. նախագահ Օլանդը ապրիլի 24-ին կլինի Երեւանում: Նա արդեն հայտարարել է այդ մասին հունվարի 28-ին Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը նախագահ Օլանդը հստակ ներկայացրել է իր մոտեցումը հայ-ֆրանսիական հարաբերություններում»,-ընդգծել է դեսպանը:

Ինչ վերաբերում է նրան, թե ով կներկայացնի Ֆրանսիան Թուրքիայում կայանալիք միջոցառումներին, Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ այս պահին տեղեկատվություն չունի: Որքան իրեն հայտնի է, այդ հարցը դեռ լուծված չէ: