Ղարաբաղյան հակամարտության շփման գծում լարվածության սաստկացումը բխում է Ադրբեջանի նպատակներից։ Այս մասին փետրվարի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում կարծիք կա, որ կարելի է սահմանային միջադեպերի միջոցով հայկական կողմին կամ  միջազգային հանրությանը ինչ-որ բան պարտադրել եւ հասնել ստատուս քվոյի փոփոխությանը։ «Սակայն դրա հետ մեկտեղ նրանք մոռանում են, որ ստատուս քվոն կարելի է փոխել միան երկու դեպքում. կամ ռազմական գործողությունների միջոցով, որն այս պարագայում ես այնքան էլ հավանական չեմ համարում, կամ էլ բանակցային գործընթացի արդյունքում ձեռք բերած որոշակի պայմանավորվածության հիման վրա»,- ասել է Մինասյանը։

Սակայն, եթե Ադրբեջանը գործում է շփման գծում վստահության մեխանիզմների հաստատման դեմ, ապա հասկանալի է, որ նման քայլերով նա միայն երկարաձգում է ստատուս քվոն։