Մայիսին Հայաստանում պլանավորվում է կազմաերպել ֆրանսիական ձեռներեցության շաբաթ։ Այս մասին փետրվարի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում  Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանիեն։

Նրա խոսքով՝ միջոցառումը շեշտը դնելու է երկու ուղղության վրա՝ նորաձեւություն, հագուստ, դիզայն եւ խաղողագործություն ու գինեգործություն։ «Կարծում եմ, դա չի կարող հետաքրքրություն առաջ չբերել Հայաստանում, ուր գինեգործությունը լայն տարածում ունի»,- նշել է դեսպանը։

Ֆրանսիացի դիվանագետը հիշեցրել է, որ նա արդեն 3 ամիս է, ինչ Հայաստանում է, եւ այդ ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների եւ ձեռներեցների հետ։ Ինչպես նշել է դեսպանը, այդ հանդիպումների արդյունքում նա համոզվել է, որ Հայսատանի եւ Ֆրանսիայի միջեւ տնտեսական հարաբերությունները երկկողմ համագործակցության ամենակարեւոր ուղղություններից մեկն է։

Դիվանագետի կարծիքով՝ 50 մլն եվրոի շրջանառությունը համեստ ցուցանիշ է։ «Անհրաժեշտ է ակտիվացնել կապերը, գործի դնել առկա լծակները»,- հայտարարել է դեսպանը։ Ըստ դեսպանի՝ նմանատիպ լծակ է Ֆրանսիայում գործող հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատը, հայ-ֆրանսիական բիզնես-ակումբը, որին մասնակցում են Հայաստանում ֆրանսիական  ընկերությունները եւ Զարգացման հայկական ֆոնդը։ Դեսպանը հարաբերությունների սերտացման նպատակով ընդգծել է նաեւ հայ-ֆրանսիական երկրորդ բիզնես ֆորումի կազմակերպման անհրաժեշտությունը։ Առաջին ֆորումը տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսին։