Ադրբեջանում ընթացող զորավարժությունները լուրջ ռազմաքաղաքական հետեւանքներ չեն  ունենա։ Այս մասին փետրվարի 4-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը արձանագրել է Ադրբեջանի կողմից «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի» դրույթների խախտում։ «Ադրբեջանը հենց սկզբից խախտել է այդ պայմանագրի դրույթները սպառազինության քանակի տեսանկյունից։ Դժբախտաբար, այդ պայմանագիրը չի գործում հատկապես այն բանից հետո, երբ 2007-2008 թթ. Ռուսաստանը դուրս եկավ նրանից, եւ կարելի է ասել, դա որոշ առումով սառը պատերազմի վերապրուկ է»,- նշել է Մինասյանը։

Ի տարբերություն Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կազմակերպված զորավարժությունների՝ Ադրբեջանի Զինված ուժերը մինչ օրս ի վիճակի չեն եղել զորամիավորումների մակարդակով կազմակերպված իրական զորավարժություն անցկացնել ասել է քաղաքագետը։

Փետրվարի 2-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն   զորքերի բոլոր տեսակների մասնակցությամբ օպերատիվ-ռազմավարական լայնածավալ զորավարժություններ է ձեռնարկել։ Զորավարժություններն ընթանում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ցուցումով։