Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը վիճարկում է ՀՀ Վարչական դատարանի՝ սեպտեմբերի 11-ի որոշումը՝ ոստիկանության հայցը բավարարելու եւ իրեն 50 հազար դրամով տուգանելու վերաբերյալ: Վարչական Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 4-ին, Կիվիրյանն ու նրա պաշտպանը դատարանից պահանջեցին բեկանել Վարչական դատարանի վճիռը եւ բավարարել ոստիկանության դեմ ներկայացրած՝ իրենց հակընդդեմ հայցը:

2013թ. սեպտեմբերի 4-ին նախագահական նստավայրի մոտ Մաքսային միության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ ոստիկանության հայցը, ըստ Կիվիրյանի փաստաբան Արամազդ Կիվիրյանի,  դատական քննության ժամանակ չի հիմնավորվել, իսկ դատարանն այն բավարարել է՝ խախտելով դատավարական նորմերը:

Փաստաբանն իր բողոքում նշել էր, որ Արգիշտի Կիվիրյանի գործողությունները դեպքի օրը  հասարակական կարգի խախտման նպատակ չեն հետապնդել, եղել են իրավաչափ, իսկ ոստիկանությունը, ընդհակառակը, գործել է ոչ իրավաչափ հատկապես խաղաղ հավաքին միջամտելիս:

Փաստաբանը Վերաքննիչին ներկայացրեց Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, որոնցով առաջնորդվելու դեպքում դատարանը պետք է մերժեր ոստիկանության հայցը:

«Դատարանը, խախտելով ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, բողոքաբերի մի շարք փաստարկներ և բողոքաբերի կողմից վկայակոչված` Եվրոպական դատարանի կողմից կայացված մի շարք դատական ակտեր համարել է գործին չառչնվող: Դատարանը չի հիմնավորել, թե ինչու Եվրոպական դատարանի այդ դատական ակտերը  կիրառելի չեն այս դեպքում»,- իր բողոքը ընթերցեց փաստաբանը:

Չնայած բերված փաստարկներին՝ փաստաբանը Վերաքննիչի կողմից արդար վճռի ակնկալիք չունի:

«Այս դատական ակտն իրականում քաղաքական ակտ է, այն պետությունը պետք է կայացնի: Չեմ կարծում, որ վերեւից թույլ տան, որ այլ դիրքորոշումներ արտահայվեն, ոստիկանության հայցը մերժվի: Շատ գոհ կլինեի, ոգեւորված կլինեի, եթե մեր բողոքը բավարարվեր, բայց նման ակնկալիքներ չունեմ»,- NEWS.am-ին ասաց Արամազդ Կիվիրյանը: