Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այսօր՝ փետրվարի 5-ին, հերթական հանդիպում-խորհրդակցությունն է անցկացրել  Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի  հրամանատար Ա. Շչադրինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին եւ այլ զինվորականներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գյումրիի քաղաքապետարանից:

Ավելի քան երկու շաբաթ առաջ տեղի ունեցած վերջին խորհրդակցության ժամանակ  քննարկված հարցրերի շրջանակներում որոշվել էր համապատասխան աշխատանքներ տանել առկա լարվածության նվազեցման եւ իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս հանդիպմանը պատասխանատուները քննարկել են անցկացված միջոցառումների եւ տիրող իրավիճակի մասին որոշ հարցեր՝ միաժամանակ անդրադառնալով վերջերս մամուլում ակտիվ քննարկումների արժանացած Գյումրիում  զինտեխնիկայի եւ զինվորականների տեղաշարժման ճանապարհային  քարտեզին:

Նախնական պայմանավորվածությամբ մշակված քարտեզը երկու կողմերի համատեղ աշխատանքի արդյունքում որոշակի ճշտումների է ենթարկվել: Ռուսական կողմը ներկայացրել է ներքին կարգապահական ուժեղացված  վերահսկողությանն առնչվող մի շարք հարցեր  եւս, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել ցանկացած խնդրի  ուղղությամբ համապատասխան միջոցառումների ձեռնարկման գործում: