Հայաստանում ստեղծված իրավիճակում միակ ելքը իշխանափոխությունն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԲՀԿ-ի նախաձեռնած խորհրդաժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա խոսքով՝ շատերն այս փուլում համարում են, որ իշխանություններին պետք է ժամանակ տալ: «Ես կարծում եմ, որ մեր անշնորհք իշխանությունների ժամանակն ավարտվել է»,-հայտարարել է նա՝ հիշեցնելով, որ 2008-14 թվականներին Հայաստանում տնտեսական ճգնաժամի տարիներին Հայաստանը լքել է 300 հազար մարդ:
Սարգսյանի խոսքով՝ եթե 2008-ին աղքատության շեմից ցածր էր բնակչության 27 տոկոսը, ապա 2013-ին՝ արդեն 37 տոկոսը: Միաժամանակ երկրի արտաքին պարտքը 1,5 մլրդ դոլարից հասել է մինչեւ 5 մլրդ դոլարի:
Պատգամավորը նաեւ նշել է, որ իշխանությունները տապալել են ոչ միայն ներքին, յալեւ արտաքին քաղաքականությունը: «Մենք պետք է վերադառնանք հանրահավաքների անցկացմանը, հասնենք արտահերթ ընտրությունների եւ լեգիտիմ իշխանությունների ձեւավորման»,-ընդգծել է նա:





























