Հայաստանը 2015 թվական է թեւակոխել չլուծված եւ խորացող խնդիրներով, մինչդեռ 2014-ն աննախադեպ էր քաղաքական ուժերի միավորման տեսակետից: Այս մասին, ԲՀԿ նախաձեռնած ոչ իշխանական ուժերի ու ՀԿ-ների խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով՝ նախկինում էլ են եղել քաղաքական ուժեր, որոնք միայնակ էին հանդես գալիս եւ իշխանափոխություն պահանջում, «սակայն նախորդ տարին միավորեց մի շարք քաղաքական ուժերի, որոնք համախմբվեցին իշխանափոխության ժողովրդական պահանջի շուրջը»:

Պատգամավորն ընդգծել է, որ իշխանությունները պետության կառավարման գործընթացն ինքնահոսի են թողել, որի մասին կարելի է դատել վերջին 7 տարիների իրավիճակից:

«Հայաստանի իշխանությունները չեն փորձում որեւէ բան փոխել երկրում, քանի որ չեն ցանկանում վնասել իրենց շահերին: Երկրի քաղաքական ուժերը մոնոպոլիզացված են, ինչը հանգեցրել է նաեւ լրատվամիջոցների աշխատանքի խեղաթյուրման»,-հայտարարել է Օսկանյանը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, ԱԳ նախկին նախարարը նշել է, որ ԼՂ խնդիրը երբեւէ չի եղել նման փակուղային վիճակում, քան հիմա:

«Հարեւան Իրանի հետ ծրագրերը մնացել են թղթի վրա: Մենք կորցրել են Ռուսաստանի հարգանքն ու Արեւմուտքի վստահությունը: Միակ ելքն իշխանափոխությունն է: Ժողովրդի համբերությունը սպառվել է»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը: