Ռուսաստանը չի սակարկում նավթի գինը Սիրիայի հարցում իր դիրքորոշումը փոխելու դիմաց։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը՝ մեկնաբանելով  The New York Times ամերիկյան պարբերականում լույս տեսած հոդվածը։

«Մենք չենք սակարկում եւ չենք սակարկել այդ հարցով։ Նավթը նավթով, իսկ մնացածն արդեն ուրիշ բան է»,- մեջբերում է դիվանագետին ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին The New York Times պարեբարականի կայքը հայտնել էր, թե Սաուդյան Արաբիան փորձում է օգտագործել նավթի իր պաշարները եւ շուկայում ունեցած ազդեցությունը՝ ստիպելու համար Ռուսաստանին հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելուց։

Պարբերականը արձանագրում է, որ «այնքան էլ պարզ չէ, թե բանակցությունների ընթացքում Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները որքանով են կապել նավթին վերաբերող հարցրեը սիրիական խնդրի հետ»։ Միաժամանակ, ինչպես նշվածէ հոդվածում, «Սաուդյան Արաբիայի պաշտոնական դեմքերը հայտարարել են, որ ըստ իրենց՝ նավթի արտահանման ծավալների նվազեցման եւ նավթի գնի բարձրացման հնարավորությունը իրենց Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու լծակներ է տալիս»։

Չորեքշաբթի ՌԴ Պետդումայի՝ Միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը արդեն հերքել էր The New York Times-ի տեղեկությունը։