Երեւանում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված կլինի սիրո թեմային:

Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունը, Հայաստանում Բրիտանական խորհրդի ներկայացուցչությունը եւ գլխավոր հովանավոր «Beeline» ընկերությունը:

«Այս տարի փառատոնի շրջանակներում կցուցադրվեն լավագույն ֆիլմերը: Հիմնական թեման սերն է, սերը բնության ու հայրենիքի հանդեպ: Ֆիլմեր կցուցադրվեն, թե ինչպես սերը կարող է փոխել ու բուժել մարդուն»,-հայտարարել է ՀՀ-ում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը:

Նրա խոսքով՝ փառատոնը մեկնարկում է մի ֆիլմով, որը 8 անվանակարգերում ներկայացվել է «Օսկարի»: Խոսքը «Նմանակման խաղ» ֆիլմի մասին է:

Հայաստանում բրիտանական խորհրդի ներկայացուցչության ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը նշել է, որ փառատոնում ընդգրկվել են տարբեր մրցանակների ու բարձր գնահատականների արժանացած ֆիլմեր:

Իր հերթին, Հայաստանում Beeline-ի գկխավոր տնօրեն Անրդեյ Պյատախինը նշել է, որ ընկերությունը, նախկինի պես, շարունակում է աջակցել սոցիալական նախագծերին, որոնք օգնում են մարդկանց բարելավել իրենց կյանքը:

Երեւանյան ցուցադրությունից հետո ֆիլմերը կներկայացվեն նաեւ Դիլիջանում, Արարատում եւ Արմավիրում:

Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն 7 ֆիլմեր փետրվարի 14-20-ին, Երեւանի «Մոսկվա» եւ «Սինեմա Սթար» կինոթատրոններում: Մուտքն անվճար է: Փառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ հետեւյալ հասցեով: