Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստին:
Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը ելույթով հանդես են եկել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, որոնք ուղղված են բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը եւ փոխշահավետ համագործակցության զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային եւ տարածաշրջանային կառույցների ձեւաչափով: Վարչապետի խոսքով՝ կարեւոր է, որ ԵՏՄ-ն ստեղծվել է փոխըմբռնման եւ բարեկամության հիմքի վրա եւ կոչված է ապահովել անդամ երկրների ժողովուրդների բարեկեցությունը:
Ողջունելով Ղրղզստանի միանալը ԵՏՄ-ին՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի Միության տնտեսական ներուժի ավելացմանը:
Հովիկ Աբրահամյանը վտահեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչները կշարունակեն սերտորեն համագործակցել ԵՏՄ անդամ պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրենց գործընկերների հետ՝ ԵՏՄ շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների եւ ԵՏՄ պայմանագրի դրույթների կատարումն ապահովելու նպատակով:
Ելույթի վերջում վարչապետ Աբրահամյանն առաջարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկն անցկացնել Հայաստանում:
Անցնելով նիստի օրակարգային հարցերին՝ կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵՏՄ շրջանակում տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, որոշվել է համատեղ մշակել Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքում Եվրասիական ինժեներինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգ:Նիստում քննարկվել են նաեւ Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի Հանրապետության միանալուն առնչվող հարցեր:
Նիստի վերջում ԵՏՄ անդամ պետությունների վարչապետները ստորագրել են մի շարք աշխատանքային փաստաթղթեր:
Նիստում որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել մայիսի վերջին՝ Ղազախստանում:
































