Կանադայի Գերագույն դատարանն ուրբաթ որոշում է ընդունել, որ բժիշկներն իրավունք ունեն ծանր եւ անբուժելի հիվանդություն ունեցող հիվանդներին օգնել կամավոր հրաժեշտ տալ կյանքին: Որոշումն ընդունվել է միաձայն՝ 9 քվեով:
Այսպիսով, երկրում հանվել է հիվանդ մարդկանց սպանելու վերաբերյալ 1993 թվականին սահմանված արգելքը:
Նշվում է, որ հիվանդը, որը ցանկանում է ինքնակամ հեռանալ կյանքից, պետք է գրավոր համաձայնություն տա: Ըստ ՏԱՍՍ գործակալության, էֆթանազիան կիրառվելու է միայն չափահասների պարագայում, ովքեր «անտանելի տառապանք են զգում կամ անբուժելի հիվանդություն ունեն»:
Դատարանը որոշել է, որ գործող արգելքն «անարդարացիորեն խախտում է» կյանքի իրավունքը, մարդու ազատությունն ու անվտանգությունը, որն ամրագրված է Իրավունքների եւ ազատությունների կանադական Խարտիայի 7-րդ բաժնում:
Հիմա դաշնային կառավարությունը 12 ամիս ունի՝ համապատասխան օրենք ընդունելու համար: Մինչ այդ, էֆթանազիան Կանադայում նախկինի պես արգելված կլինի:
Ներկայում երկրում գործող դաշնային օրենքը բժիշկներին արգելում է սեփական ցանկության հիվանդներին զրկել կյանքից: Օրենքը խախտողներին մինչեւ 14 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:





























