Ամերիկյան գիտնականներն արտասովոր հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում հանգել են եզրակացության, որ մարդուն աղքատ է դարձնում մանուկ տարիքում ունեցած կյանքի բացասական փորձառությունը:

Այսպես, Դրեքսելի համալսարանի հետազոտողները գիտափորձի համար 31 կնոջ են հրավիրել, ովքեր մանկության տարիներին ենթարկվել են բռնության, տառապել են ծնողական ուշադրության պակասից եւ այլն: Հետազոտության ընթացքում բոլոր կանայք մայր են եղել:

Ըստ Infroming-ի, փորձն անցկացվել է հարցման տեսքով, որի ընթացքում կանանց հատուկ հարցաշարեր են բաժանել: Հարցերն առնչվել են ֆիզիկական եւ հոգեբանական բռնությանը, որոնց փորձի մասնակիցները ենթարկվել են մանկության տարիներին: Դրանք գիտնականներին նաեւ օգնել են հասկանալ, թե մանկության տարիների բացասական փորձն ինչպես է ազդել կանանց ֆիզիկական առողջության, դպրոցում ուսումնառության հաջողությունների եւ աշխատանքի տեղավորման վրա:

Արդյունքում գիտնականները հանգել են եզրակացության, որ մանկության տարիների տառապանքն ու ցավը հետագայում աղքատության հիմք են դարձել: Որքան շատ է մարդը տառապում մանկության տարիներին, այնքան մեծ է հավանականությունը, որ հետագայում մարդը կբախվի անգամ ծայրահեղ աղքատության: