Բուլղարիան Թուրքիայի տարածքով կարող է գազ ստանալ Ադրբեջանից, Իրանից, Ռուսաստանից եւ Քաթարից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը՝ թուրքական խորհրդարանում կազմակերպված էներգետիկ համաժողովում, բալկանյան երկրներից ժամանած պատգամավորների հետ հանդիպմանը, հաղորդում է Bpost-ը:

Հանդիպումից հետո նախկին Հարավսլավիայից ժամանած պատգամավորներն իրենց հիասթափությունն են հայտնել բուլղարացի Նիկոլայ Բարեկովին, որ Բուլղարիան սառեցրել է «Հարավային հոսք» գազատարը եւ այդկերպ չի դարձել Սերբիա եւ Մակեդոնիա գազի մատակարարը: Հարցին, թե ինչու է Բուլղարիան ենթարկվել Արեւմտյան Եվրոպայի ճնշմանը, Բարեկովը պատասխանել է դիվանագիտորեն, թե Եվրամիության անդամությունը բազում արտոնություններ է տալիս, բայց ոչ յուրաքանչյուր կառավարությունն է կարողանում պնդել իր շահերը նման ճնշման տակ: