Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում փետրվարի 6-ին նռնակ պայթեցնելու հետեւանքով տուժած 4-ամյա Ելենայի վիճակը կայունանում է, առկա է դրական տեղաշարժ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:
Նա նշեց, որ դեռ մի քանի օր կլինի վիճակը վատանալու ռիսկը, հետեւաբար՝ մի քանի օրից դեռ կտեղափոխեն այլ բաժանմունք: Երեխայի մոտ գիտակցություն կա, արհեստական շնչառության ապարատ եւս միացված չէ: Աննա Չոբանյանն ասաց, որ ամիսներ են անհրաժեշտ, որպեսզի վերքերը լավանան եւ հնարավոր լինի պրոթեզավորել նրա ոտքը:
Հիշեցնենք, որ դեպքի պահին Ելենան տանը իր մորական տատիկի քրոջ՝ Անահիտ Խաչատրյանի հետ էր եղել, որի վիճակը նույնպես վիրահատվելուց հետո գնահատվում է կայուն: Նռնակը բնակարանում պայթեցնելու կասկածանքով բերման է ենթարկել եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել Անահիտ Խաչատրյանի ամուսինը՝ Մելիք Գալստյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, հնարավոր է՝ սպանություն է կատարվել: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետեւանքով Անահիտ Խ.-ն եւ 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնաբերել եւ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, 1963 թ. ծնված Մելիք Գալստյանին:




























