Մոսկվայի քաղաքային դատարանը «Բաշնեֆտ» ընկերության բաժնեմասերի վաճառքի ժամանակ փողերի յուրացման եւ լվացման մեջ մեղադրվող գործարար Լեւոն Հայրապետյանի կալանքը բողոքարկելու հարցով նիստը հետաձգել է մինչեւ փետրվարի 11-ը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ խափանման միջոցը երկարաձգելու մասին վճիռ կայացրած Մոսկվայի Բասմանի դատարանից տեղեկացրել էին, որ նիստը տեղի կունենա երկուշաբթի, սակայն այնուհետեւ Մոսկվայի քաղաքային դատարանը այն նշանակել էր փետրվարի 11-ին։

Մեղադրյալը ազատ էր արձակվել քննչական մեկուսարանից եւ իր պատիժն էր կրում տնային կալանքի պայմաններում, սակայն պաշտպանող կողմը խնդրում է մեղմել խափանման միջոցը եւ գրավի դիմաց կամ ստորագրությամբ ազատ արձակել նրան։

Հայրապետյանը մեղադրվում է 2009թ. ապրիլին Ուրալ Բախիմովի կողմից «Բաշնեֆտը» «Սիստեմա» ընկերության կառույցներին վաճառելու գործընթացին մասնկացելու համար։ Լայնածավալ դատական գործընթացների արդյունքում «Բաշնեֆտը» վերադարձվել էր պետությանը։

Քննության տվյալներով` Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն եւ անշարժ գույք արտասահմանում, մասնավորապես վերջին ժամանակներս նա բնակվել է Մոնակոյում: Քննությունը այդ փաստով էլ հիմնավորում է Քննչական մեկուսարանում վերջինիս պահելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։