Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները պետք է առավելագույնս օբյեկտիվ հետաքննեն Բերձորի դեպքերը։ Այս մասին փետրվարի 9-ին լրագրողներին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
Նրա խոսքով՝ ժողովրդավարության զարգացման մակարդակով Ղարաբաղը առաջ է անցել շատ երկրներից։ Եվ որպեսզի այդ միտումը շարունակվի, Ղարաբաղի իշխանությունները ՀՀ քաղաքական գործընթացներից անկախ պետք է քննեն միջադեպը։ «Ավելի լավ կլինի, եթե Ստեփանակերտը հանդես գա հայտարարությամբ, թե տեղի է ունեցել տհաճ միջադեպ, որի մեղավորները կպատժվեն»,- հավելել է նա։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: ԼՂՀ ոստիկանության հայտարարությամբ՝ ավելի վաղ ակտիվիստներին կոչ են արել հրաժարվել նախաձեռնությունից՝ ղարաբաղյան հասարակությունում լարվածությունից խուսափելու համար։ Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարում է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին իշխանափոխության հասնելու անհրաժեշտության մասին։



























