Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթում առաջադրվել է առաջին թեկնածուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արդարադատության նախարարության կայքից:

ՄԻԵԴ-ի հայաստանյան մրցույթում առաջադրվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Ռաֆիկի Գրիգորյանը:

Նշենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյան, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյան եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյան։  Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները: Այժմ հայտարարվել է նոր մրցույթ: Փաստաթղթերի կարող են ներկայացվել մինչեւ փետրվարի 17-ը, ժամը 18:00-ը: Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը Փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգման (այսուհետ՝ Փաստաթղթային ստուգման) փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի:

Լիզա Գրիգորյանը 2008թ. հունվարից մինչև 2008թ. հունիսը աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում` որպես հանրային պաշտպան, իսկ 2009-2010թթ. աշխատել է "Քեյ Փարթնրզ" ՓԲԸ-ում` որպես  իրավաբան: 2010թ. փետրվարից մինչև 2010թ. օգոստոսը  աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ում` որպես իրավաբան: 2013թ. ապրիլի 4-ին ՀՀ  Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: