«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ փետրվարի 8-ին Արտակ Խաչատրյանը ցուցմունք չի տվել՝ առողջական վիճակից ելնելով: Հնարավոր է, որ այսօր ձեռներեցն արդեն ցուցմունք տա:
Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ փետրվարի 7-ին՝ ժամը 19։00-ի մոտ, Արտակ Խաչատրյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Դրանից մոտ 40 րոպե առաջ Արտակ Խաչատրյանին, որի առեւանգման մասին առավոտյան լուր էր տարածվել, եղբոր խոսքով, «ծեծված ջարդված, կիսագիտակից վիճակում» թողել էին նրա բնակարանի առջեւ ու հեռացել։
Ավելի վաղ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը NEWS.am-ին ասել էր, որ Արտակ Խաչատրյանին առեւանգել են փետրվարի 7-ի առավոտյան Տոլստոյի փողոցից։ Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ։




























