Խորհրդարանի նիստերը բոյկոտելու հարցը քննարկելը լրիվ իրատեսական է ու արդարացված։ Այս մասին փետրվարի 9-ին լրագրողներին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով իր կուսակից Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու գործը։
«Առհասարակ, թող ոչ ոք չմտածի, թե բոյկոտը ինչ-որ վատ բան է։ Եթե հիշում եք, 2015թ. բյուջեի քննարկման ժամանակ 6 խմբակցություններից 5-ը, ուղղակի չմասնակցեցին քվեարկությանը»,- հավելել է Բոստանջյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Երեւանի Տոլստոյի փողոցում գտնվող ժամանցային կենտրոնում մի խումբ դիմակավոր մարդիկ առեւանգել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, առեւանգողները երեքն են եղել, եւ նրանք եղել են զինված։ Ժամը 19։00-ի մոտակայքում Խաչատրյանին գտել էին ծեծված վիճակում եւ տեղափոխել հիվանդանոց։



























