Հայաստանի Հանրապետության Էրեբունի ռազմական օդանավակայանում իրականացվում է բարդ օդերեւութաբանական պայմաններում՝ ծովի մակերեւույթից 4-5 մ բարձրության վրա թռիչքներ կատարելու նպատակով ռուսաստանյան ավիացիոն բազայի օդաչուների նախավարժանք: Օդաչուները նախապատրաստվում են չորրորդ սերնդի ՄԻԳ -29 ժամանակակից կործանիչների վրա: Նախավարժանքը, որը կտեւի մինչեւ փետրվարի վերջ, ղեկավարում է միավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը:
Ինչպես հաղորդում է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը, ներկայումս ողջ թռիչքային անձնակազմը նախաթռիչքային բժշկական ստուգումներ է անցնում, որից հետո կմեկնարկի տեսական եւ գործնական պատրաստության փուլը: Ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո բոլոր այն օդաչուների համար, որոնք կստանան համապատասխան թռիչքային թույլտվություն, կմեկնարկի ներածական նախաթռիչքային պատրաստության եւ առաջադրված չվերթներով թռիչքների կատարման փուլը, որի ընթացքում կիրականացվի եղանակային պայմանների հետախուզում, ինչպես նաեւ՝ հասարակ եղանակային պայմաններում թռիչքի, վայրէջքի, օդային երթեւեկության տեխնիկայի ունակությունների ուսուցում:
Ցերեկային եւ գիշերային թռիչքների ընթացքում օդաչուները պետք է կատարելագործեն օդանավի վարման իրենց ունակությունները, հաշվի առնելով ձմեռային պայմաններում կլիմայական առանձնահատկությունները:
Յուրաքանչյուր օդաչու պետք է իրականացնի մինչեւ 30 թռիչք, իսկ անձնակազմերի ընդհանուր թռիչքային ժամանակը կազմելու է ավելի քան 10 ժամ: Ռուսաստանյան ավիամիավորման թռիչքային անձնակազմի նախավարժանքների ընթացքում ուշադրություն է դարձվելու նաեւ լեռնային միջավայրում մառախուղի եւ ցածր ամպամածության պայմաններում օդանավի վարման կատարելագործմանը՝ ծովի մակերեւույթից 3-10 հազար մետր բարձրության վրա: Հայաստանի Հանրապետություն գտնվող ավիամիավորման օդաչուների նախապատրաստական կուրսի ավարտից հետո կմեկնարկի պարզ եւ բարդ պիլոտաժի փուլը: Օդաչուները նաեւ գիտելիքներ կստանան օդային մարտի ընթացքում ժամանակակից կործանիչների օգտագործման վերաբերյալ:



























