Փետրվարի 9-ին` ժամը 10:40-ին, ոստիկանության Արարատի բաժնում 33-ամյա Առաքել Մ.-ից ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում «Կախանով» ջրատարը մաքրելու ժամանակ ջրատարի փոսում նկատել է արկեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած սակրավորական ջոկերի եւ ոստիկանության ծառայողների կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ նշված վայրից հայտնաբերվել են 7.62 մմ տրամաչափի 1.280 փամփուշտ, հակատանկային ական, «Ֆ-1» տիպի 4 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 11 փամփշտակալ, «ԱԳՍ» տիպի 30 կրակոց, նռնականետի 6 բացվող թեւիկ, փամփուշտների ժապավեն, որոնք եղել են կոռոզիայի ենթարկված վիճակում:
Հայտնաբերված զինամթերքի տեղափոխումը դեպքի վայրից ՊՆ համապատասխան մասնագետի հայտարարության համաձայն` վտանգավոր է եղել, խոնավության, ջերմաստիճանի փոփոխության հետեւանքով, որոնք կարող են պայթյուն առաջացնել, ուստի նույն օրը հայտնաբերված զինամթերքը տեղում կրակային եղանակով ոչնչացվել է:
Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:





























