Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ֆեթուլահ Գյուլենի «զուգահեռ կառույցն» ավելի վտանգավոր է քան PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն)։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոլումբի թռչելու ընթացքում օդանավի մեջ լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Ֆեթուլահ Գյուլենի «զուգահեռ կառույցին»՝ պնդելով, թե գյուլենականները նույնիսկ իր եւ իր ընտանիքի անդամների նկատմամբ մահվան սպառնալիք են հնչեցրել։
Էրդողանը նշել է, թե «զուգահեռ կառույցի» դեմ պայքարը Ազգային անվտանգության խորհրդում ստացել է որոշման տեսք եւ այն ներառվելու է Ազգային անվտանգության փաստաթղթում։
«Ահաբեկչական PKK-ն արտաքին աշխարհում Թուրքիային վնաս չի տվել։ Սակայն սրանք միջազգային հարթությունում՝ խորհրդարաններում, նախագահների հետ հանդիպումներում ամեն ինչ անում են սեւացնելու Թուրքիայի հանրապետությանը։ PKK-ն սրանց այդ ճանապարհը չի փորձում կրկնել»,-ասել է Էրդողանը։




























