Փոքր բիզնեսով զբաղվող առեւտրականները պատրաստ են անձամբ պատժել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծողներին։ Այս մասին փետրվարի 10-ին լրագրողներին հայտնել է տոնավաճառի առեւտրական Գագիկ Դանիելյանը։ «Մեզ ուզում են պարզապես վախեցնել։ Սակայն Հայաստանում հազարավոր մարդիկ են առեւտրով զբաղվում։ Եթե մտածում են, որ նման կերպ կարող են բոլորին վախեցնել, ուրեմն թող մնածեն։ Չեք վախեցնի ու վերջ»,- ասել է Դանիելյանը։
Ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող Արմեն Բաբայանի խոսքով՝ փոքր բիզնեսն այսօր առավել քան երբեւէ միասնական է, եւ նրանց վախեցնելու ու շարժումը ցրելու փորձերը ոչնչի չեն հանգեցնի։ «Մենք միասնական ենք եւ միասնական էլ կմնանք, իսկ բռնությունը մեզ չի կոտրի»,- նշել է Բաբայանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արտակ Խաչատրյանին առեւանգել են փետրվարի 7-ի առավոտյան Տոլստոյի փողոցից։ Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ։



























