Երեւանի ավագանին փետրվարի 10-ին գումարված 5-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում օրակարգի հաստատումից եւ հաշվիչ հանձնաժողովի ձեւավորումից հետո միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել անվանի պատմաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի, ականավոր պետական գործիչ, վաստակավոր ինժեներ Արտյոմ Գեւորգյանի, ինչպես նաեւ գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշումներին:
Ավագանին քվեարկության ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նաեւ ստեղծագործական մի շարք միությունների եւ հասարակական կազմակերպությունների գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշումներին:
Ավագանու որոշմամբ փոփոխություններ են կատարվել Երեւան քաղաքի բյուջեում եւ, ըստ այդմ, «Ավտոբուսներում թեքահարթակների ապահովում» ծրագրի 2015 թվականի գումարն ավելացվել է եւս 30 մլն դրամով` արդյունքում կազմելով 60 մլն դրամ: Կատարված փոփոխությամբ 200 մլն դրամ, որպես նպատակային դրամաշնորհ, կուտակված պարտքերի մարման համար տրամադրվել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական կազմակերպություններին, 50 մլն դրամ՝ Կենդանաբանական այգու հիմնանորոգման ծրագրին։ 20 մլն դրամ կհատկացվի Երեւան քաղաքում նորաբաց շախմատի դպրոցներում անհրաժեշտ գույքի ձեռքբերման եւ շուրջ 7 մլն դրամ՝ Նանսենի թանգարանի բնականոն աշխատանքի կազմակերպման, ինչպես նաեւ պահպանման ծախսերը հոգալու նպատակով:
Ավագանին հավանության է արժանացրել նաեւ Երեւանի Ավան վարչական շրջանի առանձին տարածքների գոտեւորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը: Օրակարգում ընդգրկված մյուս բոլոր հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:
Նիստի ավարտին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Ցեղասպանության թանգարան –ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ավագանու անդամներին համառոտ ներկայացրել է այն միջոցառումները, որոնք նախատեսվում են Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակում:
Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել մարտի 18-ին:




























