Կրասնոդարում տեղի է ունեցել ավտովթար, որն ավարտվել է հրաձգությամբ եւ ծեծկռտուքով։ Այս մասին  հայտնում  է «Ռոսիա Կուբան» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ականատեսներին։

Նրանց խոսքով՝ քաղաքի խաչմերուկներից մեկում բախվել են «ՎԱԶ-2014» եւ BMW X5 մեքենաները։ BMW-ից դուրս են եկել մի քանի կովկասցիներ եւ սկսել են պահանջներ ներկայացնել «ՎԱԶ»-ի վարորդին, որից հետո նրանց մեջ ծեծկռտուք է սկսվել։ Ինչպես պնդում են ՃՏՊ-ի մոտակայքում շինարարական աշխատանքներ կատարող բանվորները, կռվի ժամանակ հնչել են կրակոցներ։

Տեղի ոստիկանության վարկածներից մեկի  համաձայն՝ «ՎԱԶ»-ի վարորդը հարվածել է BMW-ի ուղեւորի դեմքին, իսկ վերջինս պատասխանել է տրավմատիկ ատրճանակի կրակոցով։ Տուժածը հոսպիտալացվել է հրազենային վնասվածքով, եւս երկու հոգի էլ՝ կապտուկներով։ Ներկայումս ՆԳՆ աշխատակիցները պարզում են կրակողի անձն ու գործի այլ մանրամասները։