Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Այս մասին նշվում է Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված «Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագծում:

Հայտարարության նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 1919-1922թթ. Թուրքիայում ծավալված ազգայնական պայքարի հիմնական թիրախ հանդիսացան ոչ թե Անտանտի պետությունները, այլ ոչ մահմեդական ազգային փոքրամասնությունները: «1919-1922թթ. քեմալական կառավարությունը կազմակերպեց Պոնտոսի հույների մասայական կոտորածները: Պոնտոսի հույների ոչնչացման առանձնահատուկ դաժանությունը նկարագրվում է բոլոր ականատեսների կողմից: Փոքրասիական աղետի ողբերգական էջերից մեկը հանդիսանում է 1922թ. Զմուռնիայի աղետը: Զմուռնիայի աղետի ժամանակ առանձնահատուկ դաժանությամբ սպանվեց հույն միտրոպոլիտը, սրի քաշվեցին կանայք և երեխաներ, իսկ քաղաքի քրիստոնյա թաղամասերը, ուր բնակվում էին հույները և հայերն այրվեցին: Բացի բուն բնակչությունից քաղաքում կար 150.000 փախստական: Ընդհանուր առմամբ Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանության զոհ դարձան 1.000.000 – 1.100.000 մարդ, որոնք կամ սպանվեցին կամ տեղահանվեցին և սա այն թվերն են, որ 1922թ. դեկտեմբերի 1-ին Լոզանի կոնֆերանսի սահմանային և ռազմական հարցերի հանձնաժողովում հնչեցրեց լորդ Քերզոնը։ Ըստ ասորական պատրիարքարանի տվյալների՝ ոչնչացվել է շուրջ 250.000 – 300.000 ասորի»,- նշվում է հիմնավորման մեջ: