Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած եւ այսօր հիվանդանոցում մահացած 47-ամյա Աննա Բադալյանի ամուսինը՝ Կարեն Նահապետյանը, չի ցանկանում զբաղվել կնոջ հուղարկավորությամբ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աննա Բադալյանի ամուսինը՝ Կարեն Նահապետյանը։
«Ընկերներս ասում են, որ ես պիտի կազմակերպեմ թաղման արարողությունը, բայց հիմա ինձ միայն իմ երեխայի առողջությունն է հետաքրքրում, ես միայն այդ հարցով եմ զբաղվում, չգիտեմ՝ ոնց է լինելու»,-ասաց նա։
Կարեն Նահապետյանն նշեց, որ Աննան քույր, եղբայր չունի, մայրը մահացել է, հայրը վաղուց բաժանված էր, նրա հետ Աննան կապ չուներ, միայն մի քանի հեռու բարեկամներ ունի, որոնց հետ իր կապերը վաղուց խզել է։
Մահացած Աննայի ամուսնու քույրը՝ Կարինե Նահապետյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխան իրենցից չի հարցրել մոր մասին, սակայն եթե հարցնի էլ, առայժմ չեն ասի, որ մայրն արդեն մահացել է։
«Երեխային հարցրեցի՝ կգա՞ս մեզ հետ ապրես, ասեց՝ հա, հետո էլ հարցրեց՝ ինձ չե՞ս ծեծի, ասեցի՝ դե գիտես, որ չէ»,- պատմեց Կարինե Նահապետյանը։
Նշենք, որ 47-ամյա Աննա Բադալյանը փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը՝ 03.00-ի սահմաններում, մահացել է՝ շոկային վիճակից դուրս չգալով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել հրդեհի մասին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է, ամբողջությամբ այրվել է բնակարանը։ Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս էին բերել 47-ամյա Ա. Ն-ին եւ նրա 9-ամյա Ֆ. Ն.-ին: Դեպքից երկու օր անց մայրը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Ըստ Քննչական կոմիտեի, պարզվել է, որ մայրը մուրճով հարվածել է երերայի գլխին, ապա բենզինով այրել իրեն ու որդուն։ 9-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է։ Աննայի ամուսինը, որը Ռուսաստան էր մեկնել արտագնա աշխատանքի, դեպքից հետո վերադարձել է Հայաստան։




























