Հոլիվուդյան հայտնի դերասան Փիրս Բրոսնանի Լոս Անջելեսի առանձնատանը հրդեհ է բռնկվել:
Կրակը տարածվել է ավտոտնակի հատվածում: Մալիբուում Բրոսնանի առանձնատունը տեղակայված է լողափային գոտում, հայտնի դերասաններ Դենի Դե Վիտոյի եւ Դասթին Հոֆմանի տների հարեւանությամբ:
«Խիտ ծուխն ու կրակը վնաս են հասցրել ավտոտնակին եւ ննջասենյակին»,- Twitter-ում գրել է NBC հեռուստաալիքի լրագրող Քեննի Հոմսը, ով դերասանի տան մոտ է եղել: Նրա խոսքով, 61-ամյա Բրոսնանը չի տուժել: Նրան նկատել են իր առանձնատան մոտ, հրշեջ ծառայության սպաների կողքին:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, դեպքի վայր է ժամանել շուրջ 50 հրշեջ: Կրակը հաջողվել է մարել ահազանգը ստանալուց շուրջ 30 րոպե անց: Մասնագետները պարզում են կրակի բռնկման պատճառները:





























