Կոտայքի մարզում նռնակով եւ դանակներով զինված ավազակային հարձակումից հետո տանտիրուհին ուշաթափվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանքավանի գյուղապետ Շահեն Հակոբյանը:

Նա նշեց, որ դեպքի ժամանակը տանտիրուհին միայնակ է եղել, իսկ ամուսինը, երեխաները հարսանիքի էին Արարատում ու չէին վերադարձել: Ընտանիքը ապրում է միջին սոցիալական պայմաններում, զբաղվում է անասնապահությամբ:

Գյուղապետն ասաց, որ նախորդ տարեվերջին մեծ թվով անասուններ էին պահել ու մի քիչ գումար էին հավաքել: «Ինքը շաքարով ինսուլտ տարած կին է: Մտել են երկու հոգի, ասում է՝ մեկը բոյով էր, մեկը կոլոտ, հիմնականում էդ բոյովն էր ամեն ինչ անում, կոլոտը նայում էր, որ մարդ չգա: Ինքն էլ չի դիմադրել, երբ նռնակը, դանակները դրել են սեղանին, գումարը բերել ու տվել է, իսկ դրանց գնալուց հետո ուշագնաց է եղել, գլուխը խփել աստիճաններին, մի քանի ժամ այդպես մնացել է, լուսադեմի 7-ին են գտել»,-պատմեց Շահեն Հակոբյանը:

Ընտանիքը բազմազավակ է, ունեն 4 որդի, դուստր, տղաներից մեկը Մասիսում է ապրում, մեկը՝ ՌԴ-ում, մեկը՝ նույն գյուղում՝ հարեւանությամբ, մեկն էլ՝ ծնողների հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղում փետրվարի 15-ի կեսգիշերն անց ավազակային հարձակում է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դիմակավորված, նռնակով ու դանակներով զինված երկու անձ ներխուժել են գյուղացիներից մեկի տուն եւ գումար պահանջել:

Տանը միայն տանտիրուհին է եղել, ում դանակով սպառնացել են, վնասվածք հասցրել դեմքին, ապա ստացել գումարն ու հեռացել: Տանտիրուհին դիմել է իրավապահներին, հանգամանքները պարզվում են: Հանցագործները դեռեւս չեն հայտնաբերվել: