Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին սեփականատերիրոջ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած 2 հայցերն էլ դեռեւս քննարկման փուլում են: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով փաստաբան Արմինե Հակոբյանը:

Փաստաբանը հայտնեց, որ այս պահին չի կարող ասել, թե ինչ են վիճարկել ՄԻԵԴ-ում: Նշենք, որ հայցերն ուղարկվել են դեռ անցած տարվա աշնանը:

«Հայաստանի դատարաններում էլ մի քանի գործ ունենք՝ Վարչականում, Վարչական վերաքննիչում, առաջին ատյանում: Գործերով քննությունները շարունակվում են: Այս պահին որեւէ նորություն չկա»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ համալիրի նախկին սեփականատերը պահանջում է չեղյալ համարել կառավարության որոշումը եւ շարժական գույքը՝ որպես սեփականատեր, իրեն վերադարձնել:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 7-րդ անգամ աճուրդի հանվելուց և գնորդ չգտնելուց հետո 2014թ.-ի օգոստոսի 21-ի Կառավարության որոշմամբ հանձնվեց Պաշտպանության նախարարությանը: