Երեւանում, փետրվարի 14-ին, Չեխովի բազմաբնակարան շենքերից մեկի 3-րդ հարկից նետված 24-ամյա երիտասարդի առողջական վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ երիտասարդը միացված է արհեստական շնչառության ապարատին, գիտակցություն չունի, ստացել է լուրջ վնասվածքներ:
3-րդ հարկից ցած նետված երիտասարդը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի արհմիության անդամի որդին է: Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ երիտասարդը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ «բարձրացել էր անտենան ուղղելու եւ ընկել է»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում, փետրվարի 14-ին, Չեխովի բազմաբնակարան շենքերից մեկում 24-ամյա երիտասարդը ցած է նետվել 3-րդ հարկից: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի արհմիության կազմակերպչի որդին է:





























